Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Կարին-Էրզրում




Բոլոր նկարները

Քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարին գավառում, Կարինի սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիս-արևմտյան լանջերին: Կարինի հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Նրա հիմնադրումը վերագրում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց (Հայասական) թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է Կարին անունը: Քաղաքի ծագումնաբանությունը կապվում է նաև Կարինիտես անձնանվանվան կամ նույնանուն ցեղանվան հետ: Կարինի դերն ու նշանակությունը առանձնապես սկսում է մեծանալ Հռոմի և Պարսկաստանի միջև Հայաստանի 387թ. բաժանումից հետո: Բյուզանդիայի Թեոդոս 2-րդ կայսեր (408-450 թթ.) հանձնարարությամբ Անատոլ զորավարը 421թ. Կարինում կառուցում է նոր ամրություններ և կայսեր անունով քաղաքը կոչում Թեոդոսուպոլիս: 7-9-րդ դդ. Կարինը մերթ բյուզանդական, մերթ արաբական մասում էր գտնվում: Արաբական աղբյուրներում հաճախ հիշատակվում էր Կալիկալա ձևով: 885թ. Հայաստանում Բագրատունյաց թագավորության հաստատումից հետո Կարինը նույնպես մտավ հայոց թագավորության կազմի մեջ: 1045թ. Անի Բագրատունյաց թագավորության անկումից հետո սկսվեցին սելջուկ-թուրքերի արշավանքները, երկրորդ արշավանքի ժամանակ, երբ 1049թ. հիմնահատակ կործանեցին պարիսպներ չունեցող Արծն վաճառաշահ քաղաքը, նրա կենդանի մնացած բնակիչները հաստատվեցին Կարինում և այն իրենց քաղաքի անունով կոչեցին նաև Արծն, որից և առաջացան Կարինի թուրք-արաբական Արզն Ռում, Արզրում, Էրզրում անունները: 13-րդ դարի սկզբներին սելջուկ-թուրքերին այստեղից կարճ ժամանակով վռնդեցին Զաքարյանները, իսկ 1242թ. քաղաքն անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ: 15-րդ դարում հաջորդաբար տիրում են թյուրքական կարակոյունլու և ակկոյունլու ցեղերը, իսկ 1514թ. Կարինը գրավվում է օսմանյան սուլթան Սելիմ 1-ինը: Թուրքական տիրապետության ողջ ընթացքում Արևմտյան Հայաստանի ամենաընդարձակ Էրզրումի նահանգի (վիլայեթ) կենտրոնը: 1829թ. հունիսի 24-ին, 1878թ. սկզբներին և 1916թ. փետրվարին գրավվում է ռուսների կողմից: Ցավոք 1918թ. փետրվարի 26-ին վերադարձվում է թուրքերին: Պատերազմների ավարտին հաջորդել է հայերի զանգվածային տեղաշարժը դեպի Ախալքալաք, Ախալցխա, Արևելյան Հայաստան և այլ շրջաններ: Հայերը հիմնականում բնակվում էին քաղաքի հյուսիս և հյուսիս-արևմտյան թաղամասերում: Այստեղ էին գտնվում նաև ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հյուպատոսությունները: Որպես առևտրական գլխավոր մայրուղիների հանգուցակետում գտնվող քաղաք, Կարինը բոլոր ժամանակներում էլ ունեցել է տնտեսական կարևոր նշանակություն: 20-րդ դարի սկզբին ուներ մի քանի շուկա, 12 հրապարակ, 32 քարավանատուն ու իջևան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ: 1909թ. ավլի քան 3000 արհեստանոցների, խանութների և առևտրական կրպակների համարյա կեսը պատկանում էր հայերին: Քաղաքի մոտակայքում արդյունահանվում էր կերակրի աղ: 1880-ական թթ. իտալացի կոմս Քոնտ դը Բիրզանին Կարինում հիմնեց ծխախոտի մշակման ձեռնարկություն: Գերմանացի կապիտալիստները իրավունք էին ստացել Կարինի շրջակայքում նավթի պաշարներ որոնելու: Կարինը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր: Նրա ամենահին կրթական հաստատությունը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811թ.: Հետագայում վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան: Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881-1916):

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018