110 Nalbandyan Str. 0001 Yerevan, Armenia
+37410 519-890

Tour operator in Armenia


  • Armenian version English version Russian version French version Italian version

Komitas Chamber Music Hall





All Images

Address: 1 Issahakyan Str., Yerevan Phone: (+374 10) 541040, 526725

Comments (2)
From : Սոնա Ֆահրադյան, 08 August 2010, 14:24
Էլ. Հասցե` sonakarlenovnafahradyan@yahoo.com Հայաստան, Երևան Հայոց Մեծ Երգի Վարդապետ Կոմիտասին նվիրված հոդվածաշար Մաս 2 Աստվա~ծ Բարերար ու Բազմապարգև Անմահ Թագավոր, Կյանքի Ապավեն, Լույսի Կերպարանք, Լայն Հանգստարան, Որ մեղավորիս համար մարմանացար Ու կատարեցիր անպատում գործեր, հրաշքներ բազում, Մինչև հասցրիր կատարելության Մարդեղությունդ` Քո Ամենալիր Աստվածության հետ։ Գր. Նարեկացի Կոմիտասի Երաժշտանոցի հիմնադրումը չէր պսակվում հաջողությամբ։ Նա հավաքեց աշակերտներ, որոնց պիտի մարզեր և ուղղություն տար իր առաքլեությունը շարունակելու նպատաով։ Նրանք նախ իր վեց սաները եղան, որոնցից Արտաշես Ապաճյանը շատ շուտ վախճանվեց, Հայկ Սեմերճյանը վարդապետ ձեռնադրվելուց հետո չնվիրվեց երաժշտական գործին։ Մյուս չորս ձեռնասունները շատ բանով ծառայեցին հայ սփյուռքին։ Նրանք են` Բարսեղ Կանաչյանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանստյանը, Միհրան Թումաճանը։ Կոմիտասի համբավին հետ ճամփորդեցին բոլոր այն երգերը, որ ինքը լույս աշխարհ բերեց։ Ճամփորդեցին մանավանդ իր աշակերտ-առաքյալների հետքերով, աշակերտներ, որ ավետարանի խոսքը տառացի տարածեցին` ամեն բան թողեցին ու “Տիրոջ” հետևից գնացին… Հայ երգի հմայքը արվեստագետի իր նուրբ շրթունքներից զուլալ աղբյուրակի պես թափվեց, ինչպես տեսանք, նախ իր անմիջական աշակերտների խորքը, և նրանք էլ իրենց կարգին` որպես նոր հավատավոր քուրմեր, տարան այն ամեն տեղ, ուր բախտը նրանց նետեց։ Նրանք հրկիզվում էին Վարդապետի հուրով, կլանված նրա հոգու խորը ու խուժող ջրերից, որը տարբեր ջուր էր. Սև ծովն եմ տեսել, սպիտակ էր բոլոր, Ալիքը խփում էր, չէր խառնում իրար, Այն ո՞վ է տեսել մեկ ծով երկու տեսակ… “Ախ, ջուրը այդ երկտեսակ ծովի` հայի խոր աչքերը պատկերող, սև ու ճերմակ` երկտեսակ ալիքով, որ այսօր և դեռ շատ օրեր իր խորախոր հատակից շարժ է անում, հանկարծ Կոմիտասի մոգական արվեստի սարսուռով ամբողջ ազգի արտասուքը քամելով…”։ Հ. Ասատրյան “Ու մեր երգերը, որոնց մեջ հինավուրց ժողովրդի ամբողջ հոգին կար բյուրեղացած, կարծես սպասում էին իրեն, որ պետք է հանդգներ սուզվել այդ հոգու խորքը, թափանցել նրա խորհուրդների մեջ և կորզեր նրա գաղտնիքը… “Դարերու անհուններեն Ցեղին Հոգին է, որ կխլրտի, կարթնանա իր մեջ”։ Եվ իբր նոր օրերի Մեսրոպ Մաշտոց. այնպես ինչպես նրա երկունքը եղավ հայ գրերի հրաշափառ գյուտի առիթով, նույնպես Կոմիտասը. հայ ձայների դաշնակցության բանալին գտնելու իր տագնապների մեջ էր ապրում իր բուն երկունքը` լեցուն տանջալից ու անքուն գիշերներով, վերասլաց և հափշտակությունների տեսիլքներով, ինքնամոռաց կենտրոնացման մեջ խորասուզված, դիմագրավելով հոգեկան ահավոր փոթորիկ, որից դուրս էր գալիս վերջապես խաղաղված, հանդարտած և կարծես սրբացած։ Լուսավոր պսակ կար իր գլխի շուրջը, և դեմքը ճառագում էր հաղթանակի անճառելի բերկրությամբ”։ Վ. Սարգսյան Ավետավորներ բարձրաբարբառ ու իշխաններ վսեմ, Պճնված թագերով պերճ ու լուսափայլ Պայծառ` շնորհի զորության զարդով անկողոպտելի, Նվիրագործված Տիրական Լույսի Զվարթացուցիչ յուղով սրբազան։ …Թռչելով թեթև թևերով հոգու` Հասան ըղձալի կյանքի հանգրվան, Իբրև սիրողներ վերին վիճակի, Անցյալի մասին, առանց խորհելու, Հաղթության թագը համարձակորեն գլխներին դրին, Պճնված իսկապես պայծառ ճոխությամբ… Գր. Նարեկացի “Իմ հայտնած տեսությունները հայ հոգևոր և գեղջուկ երաժշտության մասին նորություն էին, մանավանդ նրանց համար, որոնք մի տարի առաջ չէին գիտակցում կամ մերժում էին հայ ինքնուրույն երաժշտության գոյությունը։ Հետո շատերը, որ հայ երաժշտության մասին հարևանցի գաղափար ունեին, դասախոսություններից հետո առաջինը եղան խոստովանող, որ հայ երաժշտությունը գեղարվեստական բարձր արժեք է ներկայացնում, ավելի հարազատ քան ուրիշ շատ ժողովրդների մեջ, ավելի վսեմ քան արևելյան ուրիշ ազգերի մեջ”։ Յուրաքանչյուր ազգի երաժշտությունը իր ազգի հնչական ելևէջներից է ծնվում ու ծավալվում։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնչյունավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը։ Հայերի հնչյունային համակարգը հիմնված է տետրախորդի վրա, որի ծայրային հնչյունները անփոփոխ են մնում, մինչդեռ միջինները կարող են վեցապատիկ փոփոխվել։ Տետրախորդերը միշտ կցվում են միմյանց։ Կա 8 տոնայնություն, դրանցից յուրաքանչյուրը ունի 1 կվարտա, որի սահմաններում գերազանցապես ծավալվում է։ Հ այերն ունեն որոշակի շեշտային նշանակություններով 7 կետադրական նշան։ Հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը հիմնված է ոչ թե եվրոպական տոնայնության, այլ տետրախորդերի համակարգի վրա, այնպես որ քառյակների շղթայում ամեն մի նախորդ քառյակի վերջին հնչյունը հաջորդի առաջինն է դառնում։ Ինչպես Գր. Նարեկացու “Ողբի Մատյանի” “Մեղա~”-ների գլուխը, հետապնդում է նույն նպատակը. Արդ, այստեղ խոնարհ ու հոգեկեցույց Աղերսն այս այնպես պիտի հարմարեմ, Որ սկիզբը ու վերջը տողերի Արձագանքելով միմյանց շարունակ միևնույն բառով` Նույնաձայնությամբ խոսքը դարձնեմ Առավել ազդու ու հոգեպարար։… Գր. Նարեկացի Հայկական երաժշտության տիրապետող քառյակը մաժորայինն է, որի սկզբնային և վերջնային հնչյունը միշտ անփոփոխ է մնում, երբ նրանց միջև գտնվող հնչյունները տարբերակվում են։ Ժողովրդական և հոգևոր երգերը, ըստ Կոմիտասի, քույր և եղբայր են իրենց հիմքում։ Նպատակը` որ գյուղացին, աշխատավորը երգելով կատարի իր գործը և հաղորդակցվի Աստծո հետ։ Ի տարբերություն եվրոպական երաժշտության, որի տիրապետող քառյակը մինորային է։ Ճշմարիտ արվեստը` ինչպես նաև Կոմիտասի երգը, մարդուն կապում է իր Ստեղծողի հետ։ Մաժորային սկզբունքը մարդուն հիմք է տալիս կապվել Անհունության հետ. Հոգիս Տանը հաստատվել՛ Տիեզերքն է ողջ պատել, Տիեզերքի տերն եմ ես, Ո՞վ է արդյոք նկատել։ Հ. Թումանյան Ողջ Տիեզերքը ես ներշնչում եմ հոգուս մեջ։ Ավ. Իսահակյան Անսպառորեն մնում է համայնն Ամեն ինչի մեջ Ամբողջությունը ամեն մի մասում։ Գր. Նարեկացի Ի տարբերություն եվրոպական օկտավայի, Կոմիտասը ստեղծեց յոթնյակը։ ամեն մի քառյակի վերջին հնչյունը հաջորդի առաջինն է դառնում, և օկտավան (ութնյակը) դառնում է սեպտիմա (յոթնյակ), որը համապատասխանում է հայկական լեզվի 7 կետադրական նշաններին և 7 ձայնավորներին։ Կոմիտասի խմբավարական արվեստը մեզ սովորեցնում է երգի բուն էությունը, իմաստը, սովորեցնում է “ա”-ից “օ” ձայնավորների արտասանությունը։ Իսկ ի՞նչ է նշանակում “ա”-ից “օ”։ Ես եմ Ալֆան և Օմեգան, և ամենայն ինչ Ինձնից է լոկ։ Գիտեր, այո, բայց ավելի շատ իր սրտով և հանճարով։ Գիտելիքները համամարդկային կշռով պետք էր ստուգել, որովհետև ինքն իրեն արդեն զգում էր մի մեծ առաքելության իրականացմանը նվիրաբերված Վարդապետ։ Նա գիշեր ու զօր ուսումնասիրում էր համամարդկային դասական մշակույթը, գերի չդառնալով քարացած օրենքներին։ Երգեցողությունը` ռիթմով և ներդաշնակությամբ կարգավորված խոսք է։ Երգելիս մարդը հանդես է բերում սեփական մարմնի, սեփական ձայնի միջոցով այդ հարաբերությունները։ Կոմիտասի արվեստի գաղտնիքը` մարդուն ներդաշնակել, կապել Արարչի հետ։ Կոմիտասը` որպես խմբավար-արվեստ, իր գաղտնիքը պետք է վերագրել նախ այն մոգական զորությանը, որը կարող էր թափանցել երգիչների խորը էության մեջ, բախել նրանց սրտի դուռը, թրթռացնել հոգու ներքին լարերը և վերածել նրանց ներշնչյալ ու զգայուն նվագարանների։ Երգիչները ի վիճակի էին խորապես յուրացնել երգերի նյութը և առանց դույզն վարանման, իրենց ամբողջ ուշն ու ուրուշը նվիրում էին ղեկավարին։ Կոմիտասը ծանրանում էր շնչառական վարժությունների վրա` նկատի ունենալով թոքերի կենսական դերը երկարատև ձայների մաքուր արտաբերման տեսակետով սերտ և կապակցյալ. աճուն կամ նվազուն, աճուն կամ մրմնջային, ծավալուն, բազմերանգ և միաձույլ միանգամայն` որպես երգեհոն։ Շատ անգամ պատահում էր, որ ունկնդիր հասարակությունը երևակայում էր խմբի կամ բեմի ետևը ծածուկ երգեհոնի գոյության մասին։ Ճշտապահության վարժեցրեց ոչ միայն երգիչներին, ,այլ Պոլսի հասարակությանը, որը իր արևալյան բարքերի պատճառով դուրս էր մնացել այդ էական առաքինությունից։Իր դյութական ձայնով տրցած օրինակը երգերի նյութին էր քանդակվում իր բոլոր երանգներով, ոգով, ամբողջ թափով կամ քնքշությունով թափանցում էր էության խորը ծալքերի մեջ։ Տեսիլքի պես էր Կոմիտասը բեմի մեջտեղը` պատվանդանի վրա կանգնած, գլխին բոլորշի թավշյա գդակով, բարետես ու սլացիկ, մինչև ոտքերը ծածկող սքեմով։ Իր ձեռքին ուներ ձայնատու փոքր դիապազոնը միայն։ Կանգնած տեղը գրեթե անշարժ, իսկ ձեռքերի շարժումները` զուսպ ու ժուժկալ։ Անտեսանելի զորություն և հորձանուտ էր ծորում իր անձից, աչքերից, դեմքից, շրթներից, ձեռքերից և մատներից։ Ձեռքեր, որոնք ընդունակ էին հարուցել ալեկոծություն սրտերի մեջ, ձեռքեր, որոնք կարող են ողջ սրահը ոտքի կանգնեցնել արբշիռ ու հափշտակյալ, հոգեզմայլ գեղեցկությունների ալիքներ հոսեցնել, վարարուն երանության մեջ տանել, սավառնեցնել հոգիները` անխտիր երգչին, թե ունկնդրին։ Մի խոսքով` գերմարդ էր նա ճշմարտապես և ոչ կարծեցյալ։ Արտաքուստ տեսանելի չէ այդ գաղտնիքը, նրա խորհուրդը, ինչպես ասացի, իր էության մեջ իսկ է, ներսից է ծավալվում, բխում` որպես անճառելի երկնատուր շնորհ։ Կոմիտասի խմաբավարական արվեստը հայ գեղջուկի բերանից քաղված և Կոմիտասի հանճարի հուրով փայլատակած այս երգերը` պամմ-պամմ-ներով, վայ լե-լե-ներով, լո-լո-ներով պետք է փարատեին ազգի սնամեջ մշուշը, կայծակնահար պետք է քանդեին մարդկային քարացած սրտերը, ագուցեին իրար և հայության հոգուն հարություն տային։ Արդյոք Կոմիտասի մանրուսումը հենց այդ կարճ, բայց ծավալուն միտք կրող բառերի վերծանությունը չէ՞- Պաղատիչ- Արարիչ- Մտաց- Մտաց։ Հակիրճ բառի տակ, որը գունեղացնում է խմբերգը, դիմում է Պաղատիչ Արարչին, որ մարդկային միտքը հաղորդակցվի Արարչական Մտքին, կամուրջ կապվի մարդու և Արարչի միջև. միկրոտիեզերքը հաղորդակցվի մակրոտիեզերքի հետ, որպես մաս դառնա ամբողջի` իր մեջ կրելով ամբողջը. Մարդկությամբ անհատ, Եվ Աստվածությամբ Իր լիակատար, Փշրվելով միշտ անթիվ մասերի` Բաշխվում է անվերջ, որ միավորվի այդպես բոլորին, Որպես մի մարմին իր գլխի համար։ Գր. Նարեկացի Լե-Լե` Լուսո Երկնից-Լուսո Երկնից։ Մարդը դիմում է երկնից իջած Լույսին, որը Քրիստոսն է` համակ Սեր ու Լույս։ Լո-Լո`Լուսո-Ոգեշունչ Լուսո-Ոգեշունչ։ Լույս, որը միակ ճանապարհն է մարդու ոգեկոչման և ոգեշնչման, որից գալիս է ողջ Արարչական ստեղծագործությունը։ Հանրագումարելով` պամմ-պամմ-ները, լո-լո-ները, լե-լե-ները, որոնք համեմում են երգը, կապում են մարդուն Արարչական Մտքին, Երկնային Լույսին և Ոգեկոչող Լույսին։ Ա, Ե, Է, Ի, Ո, ՈՒ, Օ։ Ա- Արարիչ, Ե- Երկնից, Է- Էություն, Ի- Իրաց, Ո- Ոգեշունչ, ՈՒ Օ- Օմեգա։ Աննկուն բան ունենք մեր մեջ, մի ամուր հույս, դեպի Ապագա Լուսո Կանթեղը հարած են մեր հայացքները, դեպի այն Կանթեղը, որ հայ ժողովուրդը իր թագավորությունն ու իշխանությունը կորցնելուց հետո տարել ու կախել է բազմաբեղուն ու երկնավետ Արագածի գագաթը` երկնքի անտես առաստաղից անթել կապով, որ մարդիկ` խավար ու ավարառու ձեռք տալ չկարողանան և գոնե Նրա Լուսո նշույլը ցայտի մեր վրա, և մեր ապագա կյանքը երազենք. Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն Անիկա… Ամեն գիշեր, վերը`հո՛ն, Արագածի գլխուն վրա` Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն` Որ ուրիշ ձեռք մը կարծես Զանի վառեց գաղտնորեն… Կարծես թե Ան հոն կախված է մեզ համար Հավիտյա՛ն… Ան Կանթեղն է` լույս առած Լուսավորչեն հայության. Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն` յուղի տեղ, Պլպլացո՛ղ քաղցրությամբ, պլպլալիք միշտ Կանթեղ… Այդպե՛ս հավատաց ու այդպե՛ս դեռ կհավատա հայ հոգին, Որ միշտ դարձավ, նայեցավ և հեռացավ անձկագին Արտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ` անո՛ր… Այդպես և ե՛ս, ով Մե՛ծ Սուրբ, հավատարցած Կանթեղիդ Զգացի, որ հոգվույս մեջ, կը ծագեր շողը վճիտ Եվ կը մեծնա~ր, կը մեծնա~ր, մինչև կըլլար Այգ մը նոր… Վ. Թեքեյան

From : Սոնա Ֆահրադյան, 08 August 2010, 14:22
Էլ. Հասցե` sonakarlenovnafahradyan@yahoo.com Հայաստան, Երևան Հայոց Մեծ Երգի Վարդապետ Կոմիտասին նվիրված հոդվածաշար Մաս1 Կոմիտասը եկավ սիրեցնել մեզ, ինչ որ մերն էր։ Բացեց մեր վարագուրած աչքերը մեր սեփական արժանիքների առաջ, վերադարձրեց մեզ դեպի մեր հայրենի բնագավառն ու օջախը, մեր անդն ու անդաստանը։ Կոմիտասը եղավ նոր ազգային երաժշտական ոճի մեծագույն հիմնադիրը։ Նա համոզված էր, որ յուրաքանչյուր ժողովրդի երաժշտությունը պետք է սկիզբ առնի և զարգանա իր ազգային երաժշտությունից, որի մեջ արտացոլվում է ժողովրդի ոգին, նրա հոգևոր կյանքը։ Երբ Կոմիտաս Վարդապետը մոտենում էր փոքրիկ երգեհոնին և ինքն իրեն դաշնակցելով սկսում մեղմամեղմ (pianissimo) “Տիրամայր Խաչի”-“Stabet Mater” երգը, ամբողջ հասարակությունը կարծես պապանձվում էր, մարդիկ կարծես իրենց շունչը պահում էին, որ ավելի ևս կարողանային ըմբռնել այդ անասելի ցավի հետ մեր ազգի դարավոր աղերսանքի վսեմ եղանակը. Ես խոնարհվում եմ Քո առաջ Օ~, Տիրամայր` Խաչից իջած, Անցել ես Դու հազարավոր Կյանքերի փորձ` մարմին հագած Եվ Մեծ Սիրով փրկում ես Դու Շատ հոգիները մոլորված, Ծածկում ես Քո Շորի Փեշով Ու պաշտպանում նրանց Սրտանց… “Արարատ” հեռուստակայանով հայոց երգի Մեծ Վարդապետին նվիրված հաղորդաշարի ժամանակ ասվել էր, որ հակառակության ոգին է մեր ազգի մեջ նստել և իբր չի ընդունում Սոնա-Յարին, որպես Կոմիտասի Մուսային, Տիրամոր, Լուսապսակ Արուսյակին` Արևելքից վեր և Առավոտից առաջ. Եռյակին մերձ Լույս գերազանց, Որից իջավ բյուրերի մեջ Լույսի Արփին եթերաճեմ, Շողշողենի, փողփողենէջ Մանրահեղեղ գաղտնի շավիղ Անծանոթի ճանապարհին։ Գր. Նարեկացի Երկու հաղորդումների ժամանակ ես չնկատեցի, որ խոսեին և փառաբանեին Կոմիտաս ծնող Մորը (խոսքը չի վերաբերվում երկրածին ծնող մորը), այլ փորձում էին Կոմիտասի անձի և գործունեության մասին շատ աղքատիկ պատկերացում տալ` փոքրացնելով, մասնատելով անջատել Տիրամորից, որը ոչ մի ձևով միավորի չէր գալիս։ Եվ այդ ամենը ամենայն հավանականությամբ կատարվում էր եկեղեցու պատվերով։ Մեծն Կոմիտասին այդքան փոքրացնելով, որպեսզի տեղավորվի եկեղեցու քարե շինության մեջ պատարագի, սաղմոսերգության սահմաններում։ Հավանական է եկեղեցին այդ ընթացքում մտմտում էր Կոմիտասին կանոնիզացնելու մասին և դեռ տարակուսում էր` կասկածելով Նրա հոգևոր առողջության մասին, մինչդեռ Տիեզերական Եկեղեցին հաստատել էր Նրան` որպես Տիեզերական Երգի Մեծ Վարդապետ. Ավետավորներ բարձրաբարբառ ու իշխաններ վսեմ, Պճնված թագերով պերճ ու լուսափայլ Պայծառ` շնորհի զորության զարդով անկողոպտելի, Նվիրագործված Տիրական Լույսի Զվարթացուցիչ յուղով սրբազան։ …Թռչելով թեթև թևերով հոգու` Հասան ըղձալի կյանքի հանգրվան, Իբրև սիրողներ վերին վիճակի, Անցյալի մասին, առանց խորհելու, Հաղթության թագը համարձակորեն գլխներին դրին, Պճնված իսկապես պայծառ ճոխությամբ… Գր. Նարեկացի Ես անձամբ ձեր կարծիքն եմ ուզում իմանալ Մեծ Վարդապետի մասին և ինչու չե, Իր անբաժան Մասի` Տիրամոր Սոնա-Յարի մասին. Ո~վ Մարդ-Աստված ու մարմնատեսիլ անբիծ Քերովբե, Երկնի Թագուհի, անխառն` ինչպես օդ, մաքուր`ինչպես լույս, Անեղծ` երկնաճեմ Արուսյակի պես, Անապակությամբ գերազանց` անկոխ սրբություններից, Առատախոստում Երանության Վայր, Շնչավոր Եդեմ, Բոցեղեն սրով պաշտպանված` Կենաց Անմահության Ծառ, Հովանավորված, զորացած` Բարձրյալ Արարչի Ձեռքով, Հանգստյամբ հոգու` շնորհազարդված ու մաքրագործված, Հարդարված, որպես Տաղավար, Որդուդ սուրբ բնակությամբ, Անաղտ մաքրությամբ հանդերձ` Գթասիրտ, Անբիծ սրբությամբ հանդերձ` Բարեխոս ու Խնամակալ, Ընդունի՛ր մաղթանքն այս աղերսական` Քեզ դավանողիս, Խառնելով Մեծիդ նվիրած նախկին ներբողներիս հետ` Մատուցի՛ր որպես պաղատանքը Քո. Միավորի՛ր ու հյուսի՛ր հեծեծանքն իմ դառնակսկիծ Աղերսանքներին Քո երանելի ու նվիրական, Ո~վ Կենաց Պտղի Օրհնաբանված Տունկ, Որ ապավինած Քո Սուրբ Մայրության Եվ լուսազարդված, միշտ աջակցություն, Բարեգործություն գտած Քեզանից, Ապրեմ միածին Քրիստոս Որդուդ ու Տիրոջ համար… Գր. Նարեկացի Այն ինչ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի։ Ո՞վ է տեսել Մորը Որդուց այդքան գռեհիկ ձևով տարանջատեն։ “Երկնքի մեջ մխրճվող լեռնագագաթներ կան։ Նրանք վեր են խոյանում` հենվելով սանդուղք առ սանդուղք բարձրացող լեռնալանջերին։ Աստիճանաբար են բարձրանում, բարձունքների վրա միայն կտրվելով որմերից, սլանում երկինք, բյուրեղանում անապակ ազատության մեջ` ճակատին պահելով հավերժական ճերմակը։ Տենչալի են լեռնագագաթներն այդ, գեղեցիկ են և սակավաթիվ։ Զարմանահրաշը, սակայն, Արարատն է։ Լեռնակերտ փոքրիկ մի աշխարհի բարձունքը, բայց կանգնած է նա մի կողմում, շնչող դաշտավայրի ափին, հաստահիմն որմերն իր խրված են մայր հողի մեջ` անտես ու անառիկ։ Ինքը պարզ, անսեթևեթ, վեհանիստ, ձայնալարի պես ձգված։ Պահում է ճիշտ մայրապատկեր փոքրիկին հլու` խորհրդանշելով հավերժությունն իր սերունդների մեջ։ Գագաթը սլացիկ ճկունությամբ թռչում է երկինք ու պսակված է հավերժության ադամանդյա բյուրեղներով…Առասպելական լյառն այդ որքա~ն հրաշապատում առասպելներ կանխորոշեց իրմով… Արարատի պես պարզ անսեթևեթ, վեհանիստ իր ոգեղեն անդաստանի մեջ նա սլանում է երկինք։ Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել, ոգուց փթթել, հույզերից ծաղկազարդվել։ Միայն նա է առասպելի չափ մեծ ու հավերժական։ Նա իր ճակատին հնչյունահունց թագ ունի։ Նա է, որ խորհրդանշում է հայ ոգին, ինչպես Արարատը` հայ բնաշխարհը’’։ Կոմիտաս… Ժողովուրդը երգում է այնպես, ինչպես խորհում է և խոսում։ Երգը ու խոսքը միատեսակ կարողություն է. որքան լավ խորհի մարդը, այնքան լավ կխոսի և կերգի։ Բառն ունի երկու բաժին` գագաթ և ստորոտ, ճիշտ այդպես, ձայնն ունի երկու պայման` շեշտ և հանգիստ։ Երաժշտությունն ի՞նչ է, եթե ոչ ելևէջ։ “Փորձի համար բառ ծանր հեղհեղենք, անպայման եղանակ մը պիտի ելլե անկե”։ Կոմիտաս… Անկեղծությունն այն հատկությունն է, որի դիմաց ոգին բաց է անում իր դռները նույնիսկ օտարի տանջանքների առջև։ Բայց երգը մինչև սրտից շուրթին է հասնում, ենթարկվում է լեզվի ազդեցությանը։ Հայ մեղեդու ելևէջները անձուկ կապ և նմանություն ունեն հայ առոգանության շեշտերի հետ։ Հետևաբար, հայ երգն ունի ճիշտ այն առանձնահատկությունները, ինչ հատուկ է հայ լեզվին։ Կոմիտասը երաժշտության մեջ տեսնում է ոչ միայն իր ժողովրդի կյանքի ու ներաշխարհի արտացոլումը, այլ այն համարում է ժողովրդի ազգային ինքնագիտակցության զարգացման զորեղ ազդակներից մեկը։ Երաժշտությունն այն հզոր զենքն է, որով կարելի է դաստիարակել ժողովրդի ներաշխարհը, այդ ճանապարհով նույնիսկ վերափոխել նրա կյանքը։ “Ամբողջ մտատանջությունս է հասցնել աշակերտներ, որոնք դպրոցներու մեջ տեղ գրավեն, նվիրվեն ազգային երաժշտության ուսումնասիրության, տարածեն ժողովրդի մեջ հայ երաժշտության ոգին, որպեսզի ժողովրդի մեջ ազգային երաժշտության խոսքը մարմնանա և անոր ազդեցության տակ ժողովուրդը թոթափելով իր թույլ պատյանը` մտնի վերակենդանացման շավիղի մեջ… Մեկ հասկըցված անկեղծ ձայն հազար ճառ արժե, որովհետև ճառը պետք է մարսե հասկացությունը, որ կարենա անկե սնունդ առնել, ինչ-որ ժամանակներու գործ է, իսկ ձայնը վարկյանի մեջ կթափանցե մարդուն կուրծքեն ներս և այնտեղ կհիմնե զգացման ու մտքի վառարան”։ Կոմիտասը շատ ճիշտ էր հասկանում և բարձր գնահատում ուսուցչի դերը սերունդների դաստիարակության գործում։ “Ամենեն ավելի զիս հուզեց այն բանը, որ օտար հեղինակավոր երաժշտագետները, լսելով իմ բացատրությունները, հասկցան և համոզվեցան, որ աշխարհիս մեջ կա հայ երաժշտություն մը` բոլորովին ինքնատիպ և ինքնուրույն, այնպես, ինչպես հայ լեզուն և հայ կյանքը` մինչդեռ մեր ժողովուրդը դեռ կտարակուսի, թե ինքը լեզու ունի՞, երաժշտություն ունի՞ և կյանք ունի՞”։ Բարձր մասնագիտական վարպետությունը, անսահման կազմակերպվածությունն ու խստապահանջությունը Կոմիտասի մանկավարժական աշխատանքի որոշիչ գծերն են։ Սրանով էլ պետք է բացատրել այն, որ նա շատ կարճ ժամանակամիջոցում (երեքից-չորս շաբաթ) կարողանում էր կազմակերպել երգչախմբեր և պատրաստել մի ամբողջ համերագային ծրագիր։ Կոմիտասը հասավ համամարդկային բարձրության` իր հետ բարձրացնելով մի ամբողջ ժողովուրդի երաժշտական արվեստի մեջ մարմնացած ոգին, որովհետև նա սկսեց գիտական երաժշտական ազգագրության ստեղծումից, խորը երաժշտագիտական վերլուծության ենթարկեց ազգային երաժշտությունը և այս հիմքերի վրա բարձրացրեց ստեղծագործական դպրոցը։ 1912թ. Պոլսում Կոմիտասը կազմում է 300 մարդուց բաղկացած “Գուսան” երգչախումբը։ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ֆրեդերիկ Մակլերը գրել է. “Երբ Կոմիտասը նստում էր ռոյալի առջև և կամաց երգում հայկական երգը, կարծես բոլորը քարանում էին` հմայված այդ մեծությունով և պարզությունով, որն այնքան բնորոշ է հայկական երաժշտությանը”։ Մեծ քաղաքակրթության քարերը ամրացնում են Կուլտուրայի հիմքերը։ Կոմիտասը հայ ժողովրդական երգի դասական մշակումով դրեց հայ ազգի Կուլտուրայի ամենամեծ քարերից մեկը։ Կուլտուրայի գմբեթին շողում է սիրող, ճանաչող, անվախ սրտի ալմաստ-ադամանդը։ Սերը բացում է ապագայի հրաշագեղ դարպասները։ Այնտեղ, որտեղ Կուլտուրայի ակունքներն են, աղբյուրները տաք են և բխում են ամենախորքից։ Որտեղ ծնվել է Կուլտուրան, այնտեղ նրան սպանել չի լինի։ Կարելի է սպանել քաղաքակրթությունը, բայց Կուլտուրան` ինչպես իրական ոգեղեն արժեք, անմահ է։ Վառված սիրտը չի սահմանափակվում անծայր Անհունության մեջ։ Կուլտուրայի աշխատակցի աշխատանքը նման է Բժիշկի աշխատանքին։ Բժիշկը ոչ միայն բուժում է արդեն գոյացած հիվանդությունները, այլև կանխարգելում է գալիքից։ Ոչ միայն վանում է հիվանդությունը, այլև առողջացնում է ամբողջ կյանքը։ Բժիշկը իջնում է բոլոր մութ նկուղները, որպեսզի օգնի լուսավորելու և տաքացնելու։ Կուլտուրան հայ ազգի անմահ ոգին է` ամփոփված Կոմիտասի այրվող սրտի մեջ։ Կուլտուրան սերն է Աստուծո մարդու նկատմամբ, Կուլտուրան բույրն է, կյանքի և գեղեցիկի համադրումն է, Կուլտուրան բարձրյալ և նրբացված ձեռքբերումների սինթեզն է։ Կուլտուրան Լույսի զենքն է, Կուլտուրան փրկությունն է, Կուլտուրան սիրտն է։ Սրտի բարձրագույն դրսևորումը ոգին է։ Ոգին անհատի, ցեղի, ազգի, մարդկության, Տիեզերքի։ Սրտի շարժիչ ուժը Սերն է։ Իսկ սի՛րտը, սի՛րտը… Իսկ սիրտը մարդու, Սիրո հովերից այլևս արթուն, Գարնան գետի պես մերթ վարար հորդում, Մերթ անձրևի պես լալի~ս է-լալի~ս, Ուզում է մեկին ասել. “Ցանկալի~ս”, Ուզում է մեկին խեղդվելով ասել. “Իմ երա~զ ու սե~ր, Դու ե՞րբ ես գալու…” Գարուն է, գարուն։ …Եվ բնազդաբար, նա սիրտն է բռնում սև սքեմի տակ, Նա սիրտն է սեղմում ափերով իր տաք, Որ չտրոփի այդպես խենթորեն, Որ չտրոփի և…չտրաքի` Պղպջացող գինու ափեափ լեցուն սափորի նման։ Մինչդեռ անվտանգ խուցի դարակին Ննջում են տաղեր` կարոտ հորինման, Մինչդեռ անփորձանք խուցի դարակին Կարոտով նրա ճամփան են պահում անլեզու խազեր։ …Եվ այդ վարկյանին հանկարծ` Սոնա~ յար, Սոնա~ յար,- Թնդում Ու երգը խնդուն Ընկնում է ետքից ու հետապնդում, Կախվում է նրա փիլոնի փեշից, Թառում է նրա փակված կոպերին, Հալչում է նրա այրվող ափերին, Ոտքերի առաջ թավալ է տալիս` Ճամփան է փակում և հիշեցնում, Թե Վարդավառն է վերստին գալիս. Սոնա~ յար, Սոնա~… Ցնծությամբ օծված ծաղիկ է ծնում, Ծաղիկների պես դաշտերով ցանում Ջանգյուլում կանչող հարս-աղջիկներին, Սոնա~ յար, Սոնա~… Քայլը հնչում է նույն չափով` Սոնա~… Կուրծքը շնչում է նույն չափով` Սիրու~ն… …Եվ հարսը հանկարծ դառնում է տավիղ Եվ այդ ոսկելար, և այդ մսեղեն տավիղի վրա Քամին նվագում ու վերծանում է մեռած խազերը։ …Դերձան մազերը դառնում են հուր վար` Բարակ ծխի հետ պարզված երկնքին։ Եվ հարսը հիմա դառնում է բուրվառ Ու շուրջը փռում բուրմունքը խնկի, Աղջիկը բուրվա՞ռ,-որտեղ է լսված… Պ. Սևակ “Կոմիտաս վարդապետի հրաշածին շնչով օծանված “Սոնա յարի” պատմությունը, որ հայ երգի լայնածավալ դաշտին մեկ ծաղիկն է միայն, այլևս ոչ սկիզբ ունի, ոչ ալ վախճան։ Ահա այս հոգեպարար հևքը, կաթի և արյունի փոխակերպված մեր կրծքերուն տակ կբաբախե այնպիսի ուժգնությամբ, որ այլևս ոչ դուլ ունի, ոչ դադար և գալիք հարյուրավոր տարիներու հոլովումի ընթացքին նոր ի նոր հասակ նետող մեր զավակները երանի պիտի տան այն երանելի օրվան, որ Կոմիտասը ծնավ”։ Միհրան Թումաճան Երևի այդօր, Եթե ոչ մարդկանց , Գեթ ամենալուր և ամենազոր բնության համար, Տոն էր անսովոր, Չէ որ նա գիտեր, թե ում է ծնել… Պ. Սևակ Պատմում է Միհրան Թումաճանը, որը երգում էր Կոստանդինապոլսում Կոմիտասի հիմնած 300-հոգանոց երգչախմբում։ “Եվ սկսանք գործի… Գործերնիս էր ձայն հանել սորվիլ։ Այսինքն` ինչպես շունչ առնել, բերանը բանալ, ինչպես փոփոխել մեր շրթունքներուն դիրքն ու բացվածքը հայերեն ձայնավորները “ա”-են մինչև “օ” ճիշտ հնչելու համար և այլն, և այլն։ Այս զանազան վարժությունները հաճույքով և դյուրությամբ կկատարեինք, առանց անդրադառնալու, թե ասոնք էին երգելու արվեստին հիմունքները։ Վարժություններեն ետք էր, որ սկսավ բուն գործը` պամմ-պամմ-ներուն գրոհը։ Նախ սերտեցինք պամմ-պամմ-ները պայթեցնելու տարբեր ձևերը։ Ապա սերտեցինք չորս ձայներու բաժնված պամմ-պամմ-ներու չափն ու կշիռը առանձին-առանձին։ Հիմա միացնենք այս բոլորը։ “Ուշադրություն, իմ ձեռքիս հետևեցեք”,- ըսավ Կոմիտաս Վարդապետը։ Կոմիտաս Վարդապետի ձեռքի շարժումները որքան կլայնանային, մենք ալ մեր պամմ-պամմ-ներով օդը կթնդացնեինք։ Պամմ-պամմ-ներու այս կատարյալ համաչափությունեն հափշտակված էինք, երբ լսեցինք Կոմիտաս Վարդապետի հոգեպարար ձայնը, որ մեր պամմ-պամմ-ներուն կընկերանար` երգելով “Սոնա յար, Սոնա յար, Սոնա սիրուն, Սոնա յար”։ Հարկ կա՞ ըսելու, թե բոլորս մեկ, անսպասելի մղումով մը ոտքի ելած էինք և ծափերու հեղեղանման որոտումներով ամֆիթատրոնի պատերը կսարսեցնեինք։ Հաջորդ ելույթի առաջին երգը դարձյալ պիտի ըլլար “Սոնա յարը”: Եվ ահա բոլոր շրթունքները “Սոնա յարի” մերթ վառվռուն, մերթ օրորուն ալիքներու փրփուրներովն ու բույրովը կքաղցրանային և այս 300 շրթունքներե դուրս թռչող ձայները ,կարծես թիթեռնիկ դարձած, Կոմիտաս Վարդապետի վռվռուն մատներուն շուրջպար կդառնային։ Երբ երգը վերջացավ, բոլորս մեկ` 300-հոգինոց բանակ մը, մեր ոտքերուն վրա գամված, պահիկ մը լուռ և ապշահար մնացինք։ Բայց վայրկյան մը միայն։ Ապա զմայլանքի և խնդության աղաղակներու հեղեղի մեջ կորսված էինք և այնպես կզգայինք, թե գարնան արևն բացվող երիվարներու նման հայ երգի գեղահրաշ դաշտին կանաչության մեջ կվազենք։ Կոմիտաս Վարդապետի դեմքը անհունորեն պայծառ էր, թեև` զուսպ ինքնամփոփ։ Երբ փոթորիկը հանդարտեցավ, իր հուզումը պարտկել ջանալով կես մը հեգնանքով ու ծիծաղով` իր այլևս ծանոթ, փաղաքշական ու քնքուշ հանգերգը կրկնեց. “Վա~յ, քերթենքելեներ, վա՛յ”` անմիջապես ավելացնելով. “Շա՛տ ապրիք, շա~ատ ապրիք”։ Չեմ հիշեր, թե ինչ երգեր էին հաջորդ երգերը, բայց գիտեմ, թե “Սոնա յարով” էր, որ առաջին անգամ գերեց մեզ և իր ոգեղեն աննման շունչով ողողեց մեր սրտերը մշտնջենապես։ “Սոնա յարի” պատմությունը հոս չի վերջանար դեռ։ Շաբաթներ վերջ Կոմիտաս Վարդապետի առաջին համերգը պիտի տրվեր Պոլսո Պըթիթ-Շանթի թատրոնին մեջ, ծովածավալ բազմության մը ներկայությամբ։ Հայ գեղջուկի բերանեն քաղված և Կոմիտաս Վարդապետի հանճարի հուրով փայլատակող այդ երգը պամմ-պամմ-ներով, վայ լե-լե-ներով, լո-լո-ներով պիտի փարատեին Պոլսո կամարին տակ թանձրացած տարակուսանքի և թերահավատության սնամեջ մշուշը, կայծակնահար պիտի քանդվեին կոշկոռացած, հնամենի պատնեշները։ Պոլիսը հարություն կառներ։ Պոլիսը,- արևմտահայության սիրտը,- գրավված էր։ Պամմ, պամմ, պամմ… Այս պամմ-պամմ-ները,- “Սոնա յար”, “Անձրևն եկավ շողալեն”, “Իմ չինարի յարը”, “Կուժն առա”, “Սիփանա քաջեր”,- շուտով պիտի արձագանքեին մինչև մեր ավանդական լեռներու փեշերուն տակ ծվարած հյուղակներն ու ամենախոր անկյունները։ Եվ ամեն հայու հոգի պիտի բոցավառվեր այնպիսի հրեղեն շունչով մը, որ այլևս չպիտի մարեր, նույնիսկ հետագա աքսորի ու ջարդի արհավիրքի օրերուն”։ Դեռևս վաղ տարիքից շարականներ կատարելիս նրա հայացքը կանգնում էր Տիրամոր պատկերի վրա։ Կոմիտասի Մեծ Սիրտը կապվում էր “Սոնա յար”-Տիրամոր Սրտին, սիրով վերցնում հուրը և ձեռքի շարժումով հաղորդում 300-հոգանոց երգչախումբ բանակին, որի բերանից դուրս էին թռչում այրող կրակներ և քանդում էին պատնեշները, յոթ փականքի տակ փակված մարդկային հազարավոր սրտեր և գերում նրանց։ Եվ ինչի՞ց է, որ հաճախ կինն է արթնանում նուրբ աշխարհի համար և արթնացնում արժանավոր սրտերին։ Որովհետև սրտի աշխատանքը շատ նուրբ աշխատանք է և տրանսցենդենցիան հեշտացվում է։ Աշխարհի Մոր դարաշրջանը հիմնված է սրտի գիտակցման վրա։ Հենց կինը կարող է լուծել երկու աշխարհների (երկնքի և երկրի) խնդիրները։ Սրտի հատկանիշները հավերժ են։ Կրակի շուրջ նստելու փոխարեն այսօր կնոջ դերը այրվող սրտով գործելն է։ Ամեն մի բարձրագույն նվաճման համար անհրաժեշտ է իգական սկզբունքը։ Առավոտյան Աստղը` Աշխարհի Մոր օթևանը իր գերազանց լույսերով նախանշում է մարդկային նոր մեծ դարաշրջանը։ Հայ մեծանուն բանաստեղծ Հ. Թումանյանը և հայ մեծ երաժիշտ, բանահավաք Կոմիտասը ծնվել են միևնույն թվին։ 1869 թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,- Դժվար է ասել։ Սակայն այդ թվին Մայր Հայաստանի Արգանդը եղավ չափազանց բեղուն, Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում… Միևնույն թվին, Լոռուց շատ հեռու` Անատոլուի խավար խորքերում Մի ուրիշ մանուկ լույս աշխարհ եկավ։ Ինչ հայաշխարհիկ երգեր են հնչում Այդ երկու թխլիկ նորածինների Դեռ ոչինչ չասող առաջին ճիչում… Պ. Սևակ Մեծն Թումանյանն իր սրտի Թագուհուն այսպես էր դիմում. Սրտիս Թագուհի, կարոտել եմ Քեզ, Ա~խ, ինչ կլինի հանկարծ հայտնվես, Եվ թեկուզ իսկույն դարձյալ չքանաս, Ինչպես գիշերվա կարճատև երազ։ Եվ կամ` Լուսապսակ իմ Արուսյակ, Ի~նչ գեղատես ու ինչ զվարթ Վառվում ես իմ աստղազարդ Պայծառ ու պերճ գիշերվա մեջ… Շարժե՛, շարժե՛ Ձեռքդ, որ մեր սրտերը լեցվին ու լայնորեն բացվին և հայոց աշխարհն ալ հորդի ու ծաղկի կանաչ արևով, ծափ ու ծիծաղով։ Շարունակելի… Հարգանքներով` Սոնա Կարլենովնա Ֆահրադյան

Leave comment



Imega Tour and Travel © 2006-2017